ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Բենինի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում և Անդրսահարյան Աֆրիկայում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Բենինի ԱԳՆ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում և Անդրսահարյան Աֆրիկայում

Մայիսի 27-ին «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Բենինի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ֆրանկ Արմել Աֆուկուն։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի, այդ թվում՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության, կարողությունների զարգացման և առևտրատնտեսական կապերի ակտիվացման ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին։

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա սերտ համագործակցությունը և մտքեր փոխանակել այն առավել խորացնելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում և Անդրսահարյան Աֆրիկայում։

  • Կիսվել: