երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկ Սարգսյանի երազած Հայաստանն այն է, որտեղ չկա պարտադիր զինվորական ծառայություն

Հայկ Սարգսյանի երազած Հայաստանն այն է, որտեղ չկա պարտադիր զինվորական ծառայություն

Կան մարդիկ, ովքեր խուսափում են ծառայությունից. ես առաջարկում եմ այս մարդկանց բերել բյուջե: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել «Արագացված զինվորական ծառայության մասին»  օրենսդրական նախաձեռնությամբ:

Սարգսյանն իր օրինագծով առաջկում է, որ զինապարտ երիտասարդները 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից կարող են խուսափել` վճարելով 10 մլն դրամ ու անցնելով մեկամսյա արագացված ծառայություն բանակում:

Հայկ Սարգսյանը մեկնաբանեց, թե 18 տարեկան երիտասարդի փոխարեն, ով վճարելու է 10 մլն դրամ և չի ծառայելու բանակում կամ ծառայելու է 1 ամիս, տարիքով ավելի ավագ և ավելի փորձառու պայմանագրային զինծառայողներ կծառայեն` վարձատրությամբ:

Պատգամավորի խոսքով` 2012 թ. բանակում չի ծառայել 8232 քաղաքացի, 2013-ին՝ 7800 քաղաքացի, 2017-ին՝ 7500 քաղաքացի. «Ես առաջարկում եմ այս մարդկանց բերել բանակ, բերել բյուջե: Իմ հաշվարկով այս օրենքից օգտվողների թիվը կլինի մի քանի հազար, իսկ մի քանի տարի հետո այդ թիվը կլինի մոտ հազար: Եթե բանակում չծառայող 6-7 հազար քաղաքացիների կեսը օգտվի այս օրենքից և վճարի 10 մլն դրամ, մեր բանակում կծառայեն 2500-ով ավել պայմանագրային զինծառայողներ»:

Սարգսյանը հավելեց,  որ այս օրինագիծը գրելիս չի քննարկել ՊՆ-ի հետ:

«Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»,-ասաց Իմ քայլի» պատգամավորը:

  • Կիսվել: