շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հայաստանը սադրանքների չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից. պատգամավորը՝ Ադրբեջանի կրակոցների մասին

Հայաստանը սադրանքների չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից. պատգամավորը՝ Ադրբեջանի կրակոցների մասին

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը, կրակոցներ արձակելով Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից։ Պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու իր օրակարգից։ 

Պատգամավորն այդ մասին խոսել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ: 

Անդրադառնալով վերջին օրերին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է ոչ մեկ անգամ: Հայաստանն անդրադառնում է բոլոր միջադեպերին, որոնք տեղի են ունենում ՀՀ սահմանային հատվածներում:

«Շարունակելու ենք շարժվել խաղաղության մեր օրակարգով: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել սահմանային հատվածը, տվյալ միջադեպերը քննության առնել և պարզել, թե որ կողմն է միջադեպերը հրահրում, ինչպես է դա տեղի ունենում: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել: Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Մենք գնում ենք խաղաղության օրակարգով և միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն՝ ուղղված այս օրակարգին»,–ասաց Հովհաննիսյանը: 

Մայիսի 30-ին ևս ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը,  խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։  

Մայիսի 29-ին ևս ադրբեջանական զինուժը կրակել էր Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։ Դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ կրակել է Խոզնավարի ուղղությամբ։  

 

  • Կիսվել: