Հայաստանը քայլ առ քայլ ուժեղացնում է իր դերը որպես տարածաշրջանային կապի կարևոր հանգույց․ ՀՀ-ում ՄԹ դեսպանություն
Հայաստանը քայլ առ քայլ ուժեղացնում է իր դերը որպես տարածաշրջանային կապի կարևոր հանգույց, ուստի այստեղ առանցքային նշանակություն ունեն անվտանգ, ժամանակակից և արդյունավետ սահմանները․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանությունը։
«Հուլիսին, ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ և Միգրացիայի միջազգային կազմակերպության ու ՄԱԿ-ի գործընկեր կառույցների մասնակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարությունը ստորագրեց համաձայնագիր՝ Հայաստանի սահմանային կառավարման համակարգերը արդիականացնելու համար։
Այս գործընթացը շարունակվեց այս շաբաթ ևս․ դեսպան Ալեքսանդրա Քոուլը միացավ հայաստանյան սահմանային մարմիններին և միջազգային փորձագետներին՝ մասնակցելու գործնական աշխատաժողովի։
Աշխատաժողովում ներկայացվեցին այն ժամանակակից համակարգերը, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհի օդանավակայաններում՝ սահմանային գործընթացները ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար։
Մեծ Բրիտանիայի Ինտեգրված անվտանգության հիմնադրամի միջոցով մենք աջակցում ենք Հայաստանին՝
– նախօրոք վերլուծելու ուղևորային տվյալները
– արագացնելու օրինական ճանապարհորդությունը
–խթանելու տարածաշրջանային առևտուրը և կապակցվածությունը։
Մոնղոլիայից և Մոլդովայից հրավիրված փորձագետները կիսվեցին իրենց գործնական փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես են այս համակարգերը աշխատում իրական միջավայրում և ինչ առավելություններ կարող են տալ Հայաստանին։
Մեծ Բրիտանական աջակցությունը միտված է Հայաստանին օգնել կառուցել ժամանակակից, արդյունավետ սահմանային համակարգեր՝ ամրապնդելով անվտանգությունը, ինչպես նաեւ երկրի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ»,- ասված է հաղորդագրության մեջ:



