կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Նախարարը նշեց, որ դեկտեմբերի 23-ին եղել է կորոնավիրուսի 702 նոր դեպք:

«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն  իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով  կանցնեն անխուսափելիորեն», - նկատեց վարչապետը:

 

Արսեն Թորոսյաննն իր հերթին նշեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչև 10 տոկոսի շրջանակում: «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարևոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: