կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Glօbal Gateway ներդրումային համաժողովում

Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Glօbal Gateway ներդրումային համաժողովում

Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է Բրյուսելում մեկնարկած Glօbal Gateway ներդրումային համաժողովի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկաս և Թուրքիա․ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ամուր կապող օղակ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Փոխնախարարն ասել է, որ ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։

«Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ապացուցեցին, որ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանային շուկաներ ապրանքների մատակարարման շարունակականության համար: Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը նախագծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Գործարկման դեպքում առաջին տարվա ընթացքում այն կապահովի 4,7 մլն տոննա բեռի և 300 հազար ուղևորի փոխադրում տարածաշրջանի երկրներով։ Մինչև 2050 թվականը Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքով տարածաշրջանային երկրների միջև փոխադրվող բեռների ծավալը կկազմի մոտավորապես 10 մլն տոննա», - ասել է Սիմոնյանը։

Համաժողովի շրջանակներում փոխնախարար Արմեն Սիմոնյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: