Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, հիմա ամբողջ աշխարհը մեզ համար բաց է. Ռուբինյան
Դուք վերջին ամիսներին նորություններ արդեն իսկ լսել եք։ Շատ կարևոր իրադարձություններ են իրականում տեղի ունեցել։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում առկա նորություններին:
«Նախ՝ ուղիղ առևտուրը դարձավ հնարավոր Հայաստանի և Թուրքիայի միջև։ Ես նաև բացատրեմ, եթե հետաքրքիր է՝ ինչի մասին է խոսքը: Մինչ այս Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առևտուր հնարավոր չէր: Այսինքն՝ օրինակ, եթե մարդ Հայաստանից Թուրքիա բան էր արտահանում, կամ Թուրքիայից Հայաստան էր բան ներմուծում, այդ ապրանքները գնում էին Վրաստան, մաքսային ընթացակարգերով անցնում էին, հետո վերաձևակերպվում էին, գալիս էին Հայաստան: Հիմա տեսականորեն Հայաստանից Թուրքիա կամ Թուրքիայից Հայաստան ապրանքներ մուծելու դեպքում արդեն ուղիղ նշվում է Թուրքիայից, ասենք, վերջնակետը Հայաստան, կամ Հայաստանից վերջնակետը՝ Թուրքիա։ Եվ սա ահռելի պարզեցում կլինի առևտրի համար. և՛ հեշտացում, և՛ արագացում:
Բացի դրանից՝ գիտեք, որ Հայաստանի համար հնարավոր դարձավ օգտագործել Կարս-Ախալքալաք, Ախալքալաք-Կարս երկաթգիծը։ Համապատասխան տնտեսվարողները արդեն հնարավորություն կունենան էդ երկաթգիծը օգտագործել և՛ երկկողմ առևտրի համար, և՛ տրանզիտի համար։ Որպեսզի հասկանաք սրա կարևորությունը. օրինակ՝ մինչև կես տարի առաջ, Հայաստանից երկաթգծով որևէ տեղ հնարավոր էր բան տանել միայն մեկ վայր՝ Վրաստան: Այսինքն՝ Թբիլիսի կամ Փոթի: Ամենահեռուն Փոթին էր, որ երկաթգծով Երևանից Հայաստանից հնարավոր էր տանել: Ի՞նչ տեղի ունեցավ վերջին կես տարվա մեջ։ Նախ՝ Հայաստանի համար բացվեց երկաթգիծը Ադրբեջանի տարածքով, և այսինքն՝ հնարավոր դարձավ արդեն ոչ միայն Փոթի բան տանել, այլ Վրաստանով, և հետո՝ Ադրբեջանով բաներ տանել և բերել Ռուսաստան, և պատկերացրեք՝ ամբողջ արևելք... Ռուսաստանից, ասենք, Միջին Ասիա, Չինաստան և էսպես շարունակ:
Հիմա ի՞նչ տեղի ունեցավ Ախալքալաք-Կարս երկաթգծի Հայաստանի համար ապաբլոկավորումով: Արդեն մենք կարող ենք բաներ տանել Եվրոպա, ամբողջ Եվրոպա, տանել և բերել։ Եվ բացի դրանից, եթե չեմ սխալվում, նաև Սիրիա, որովհետև երկաթգծով Սիրիայի հետ էլ կապ կա: Հասկանո՞ւմ եք, Հայաստանը կես տարի առաջ երկաթգծային փակուղի էր, բառիս բուն իմաստով փակուղի էր։ Հիմա ամբողջ աշխարհը մեզ համար բաց է, իհարկե, դեռ Վրաստանի տարածքով միջնորդավորված, և մենք աշխատում ենք, որպեսզի ուղիղ դա լինի»,- նշեց Ռուբինյանը։
Պատասխանելով երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու վերաբերյալ հարցին՝ Ռուբինյանն ասաց.
«Չգիտեմ, ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունը կիրագործվի, և ես նաև կարծում եմ, որ նման քայլերը, ինչպիսիք էին ուղիղ առևտրի մեկնարկը, Ախալքալաք-Կարս երկաթգծի ապաշրջափակումը Հայաստանի համար, շատ կարևոր քայլեր են, և մենք գնահատում ենք այդ քայլերը։ Եվ կարծում ենք, որ նման քայլերը պետք է շարունակվեն, և դրանք կշարունակվեն»:



