հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման հարթակ․ Նավոյան

Հայաստանը կարող է դառնալ աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման հարթակ․ Նավոյան

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ երկիրը չունի ռեսուրս աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման թատերաբեմ դառնալու համար։ Այս մասին «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերը» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է «Երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։

«Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ մի երկիր, որտեղ այդ կենտրոնների շահերը կհամադրվեն։ Այս համատեքստում, ներկայիս ստատուս քվոյի պայմաններում, երբ գործընթացը, այնուամենայնիվ, ընթանում Է Ռուսաստանի հովանու ներքո, մնացած բոլոր նախաձեռնությունները կարող են միայն լրացուցիչ բնույթ կրել», - կարծում է Նավոյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ Նա ընդգծել է, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո Հայաստանի առաջնահերթությունը սահմանին կայունության ապահովումն է։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ մեծ հույսեր են կապվում։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը չպետք է հակադրվի Հայաստանում ռուսական ներկայությանը։

«Հուսով եմ, Հայաստանի ղեկավարությունը իմաստություն կդրսևորի համադրելու, այլ ոչ թե հակադրելու այդ բոլոր հնարավորությունները», - եզրափակեց նա:

Նշենք, որ հեռուստակամուրջը կազմակերպել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: