կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հայաստանը հեռուստաալիքների կողմից համաձայնագրերի խախտման մասին ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ թվայնացման նախարարություն

Հայաստանը հեռուստաալիքների կողմից համաձայնագրերի խախտման մասին ապացույցներ չի ներկայացրել. ՌԴ թվայնացման նախարարություն

Հայաստանը կոնկրետ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հաղորդակցությունների ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ, ՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ին հայտնել են Ռուսաստանի թվայնացման նախարարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի տեղակալ Բելլա Չերկեսովայի հանդիպումը Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի հետ:

՛՛Հայկական կողմը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասին: Ռուսական կողմն ի գիտություն է ընդունել հայկական կողմի մտահոգությունները։ Միևնույն ժամանակ, գործընկերների կողմից նշված փաստերի կոնկրետ փաստաթղթային հաստատում չի ներկայացվել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում հրապարակված համաձայնագրի համաձայն՝ հոդվածը, որի խախտման մասին հայկական կողմը հայտարարել է, կարգավորում է մեկ երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքում հեռարձակման իրականացման սկզբունքները: Այսպես, օրինակ, հեռուստահեռարձակողները պետք է բացառեն երկրի ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ ծրագրերը, բացառեն միջամտությունները նախընտրական քարոզարշավներին և ներքաղաքական կյանքին, պահպանեն օրենսդրությունը, ստանան հեռարձակման միջազգային իրավունքներ։

Նախարարությունում նշել են, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն, որն ամրագրել է Համաձայնագրի լիարժեք իրականացումն ապահովելու եւ ծագող հարցերն օպերատիվ կերպով լուծելու եւ պրոֆիլային գերատեսչությունների միջեւ սերտ համագործակցությունը պահպանելու պայմանավորվածությունները:

Ավելի վաղ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հայտարարել էին, որ ռուսական կողմն ընդունել է Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների կողմից զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի խախտման փաստը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: