երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանում ռուս խաղաղապահների քննադատությունը ոչ մի բանի չի նպաստում. Զախարովա

Հայաստանում ռուս խաղաղապահների քննադատությունը ոչ մի բանի չի նպաստում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ:
 
Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական, որոնք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար:
 
«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, համարում ենք դրանք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են։ Մենք վստահելի, ամուր երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ գործընկերների հետ», - ասել Է Զախարովան։
 
Նա նշել է, որ ռուսական կողմը այդ հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հայտնել, ասել է, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և հաստատ ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
 
Նա չի բացառել, որ դա կարող է ձեռնտու լինել ինչ-որ մեկին Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս:
 
Զախարովան որպես ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու նպատակները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: