Հայաստանում պատերազմի հետևանքով վնասված տների նորոգման համար քաղաքացիներին գումար կտրամադրվի
Կառավարությունը դեկտեմբերի 3-ին որոշում ընդունեց հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը:
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
- Միջոցառման նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքների՝ հավելված 2-ում ներառված քաղաքացիների (այսուհետ՝ շահառու) անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության (այսուհետ՝ աջակցություն) հետ կապված հարաբերությունները:
- Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
- Աջակցությունից օգտվելու համար շահառուն գրավոր դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
- Դիմումը ներառում է շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայության համարանիշը, վնասված տան հասցեն և բանկային հաշվեհամարը:
- Նախարարությունը շահառուի դիմումը ստանալուց հետո կատարում է շահառուի ներկայացրած տվյալների ճշգրտում՝ հավելված 2-ում ներառված տվյալների հետ և 5 օրվա ժամկետում կայացնում է որոշում՝ աջակցության տրամադրման կամ մերժման մասին:
- Աջակցության տրամադրման մերժման մասին պատասխանում նշվում է մերժման պատճառ(ներ)ը, իսկ աջակցության տրամադրման դեպքում՝ համապատասխան գումարը շահառուի բանկային հաշվեհամարին է փոխանցվում 5 աշխատանքային օրերի ընթացքում:
- Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց: