երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը՝ ընդգծելով, որ այն առանձնահատուկ էր մի քանի պատճառով: 
 
«Առաջին պատճառը երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմից կիրառված զանգվածային և համակարգված ընտրակաշառքի սխեման էր։ Գրեթե ամեն օր Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում էին այդ կուսակցությունների անդամների կամ ներկայացուցիչների ձայնագրությունները, որոնք խոսում էին այն մասին, թե ինչպես են նրանք գումար տալիս մարդկանց՝ նրանց ձայները ստանալու համար։
 
Երկրորդ առանձնահատկությունը Հայաստանում իշխող կուսակցության դեմ սկսված զանգվածային ապատեղեկատվական արշավն էր։ Կրկին, գրեթե ամեն օր կեղծ լուրեր էին հրապարակվում որոշակի արտասահմանյան երկրներում, ապա այդ լուրերը ներմուծվում և տարածվում էին Հայաստանում այդ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ 
 
Երրորդ և հիմնական առանձնահատկությունը արտաքին միջամտությունն էր Հայաստանի քաղաքականությանը և արտաքին միջամտությունը Հայաստանի ընտրություններին: Անգամ տնտեսական միջոցառումներ են կիրառվել արտաքին դերակատարների կողմից, և այս ամենը նախատեսված էր Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար»,- նշել է նա։
 
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը, բարեբախտաբար,  կատարել է հստակ ընտրություն՝ ի հեճուկս ընտրակաշառքի բոլոր սխեմաներին, արտաքին միջամտություններին և ապատեղեկատվական արշավներին: 
 
«Հայաստանի ժողովուրդը կատարեց հստակ ընտրություն, և այդ ընտրությունը խաղաղությունն ու ժողովրդավարությունն է։ Հայաստանը ընտրեց խաղաղություն և ժողովրդավարություն, և սա նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր ուղին՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու, Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը շարունակելու և, ամենակարևորը, ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ուղղությամբ, հուսանք՝ այս կազմակերպության աջակցությամբ։
 
Բայց պետք է նաև հասկանալ, որ Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, պահանջ՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր համակարգել և իրականացրել են ընտրակաշառքի այս զանգվածային սխեման, և ժողովուրդը պահանջում է արդարադատություն, մեր կուսակցությունը պահանջում է արդարադատություն, և արդարադատությունը պետք է իրականացվի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

  • Կիսվել: