երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանում երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա»․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «կոռուպցիա»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության հունվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մեդիա գովազդի ու դրա բաշխման մեխանիզմները մոնոպոլիզացված են, դրանց տերերը ընտանեկան կապերով փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում այդ ընտանիքների հետ կապված առնվազն երկու հեռուստաընկերություն կա, որոնց «բրենդը կոռուպցիան է»: Նա կարևորեց այդ դաշտում իրական սեփականատրերին բացահայտելու հարցը:

«Մեր հանրային կյանքի կարեւոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք, խոսքը կոնկրետ վերաբերում է հեռուստատեսային շուկային, որտեղ մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»,- նշեց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները ու գումարները բաշխում՝ ըստ վարկանիշների:

«Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է»,- նշեց նա: Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

«Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող... նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան. առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա, կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլեւ նրանց շոշափուկների ու մետաստազների:

«Այն լրատվական պատերազմը, որ մեր կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ մենք մեր աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնենք, բայց մենք պետք է գնանք էն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա: Իմիջիայլոց, հեռուստաալիք կա Հայաստանում, որ արդեն վիճակագրություն ունեմ, որ խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որեւէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգեւորված հարցազրույց է տալիս ու բացատրում, թե որտեղ են ձմեռում խեցգետինները»,- ասաց վարչապետը:

Նա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել, ինչին նախարարը դրական պատասխան տվեց:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: