չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

 Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանի խոսքով՝  այն ինչ չի ճանաչվել, կրկնվում է: «Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, մասնավորապես, այն պետություններին, որոնք մինչ այսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչել  և դատապարտել, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանն էլ յուրաքանչյուրի պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցելը  անմեղ զոհերի հիշատակին: Նա նաև յուրաքանչյուրի պարտքն է համարում միջազգային հանրությանը ևս մեկ անգամ կոչ անել, որպեսզի ստիպեն Թուրքիային հրաժարվել  ժխտողական քաղաքականությունից: «Ցեղապանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ»,-հավելեց նա

«Քուրդիստան» կոմիտեի համանախագահ Սլո Դրբոյանն էլ նշեց, որ գերտերությունների կողմից պետք է դատապարտվի հայերի, քրդերի, ասորիների նկատմամբ վարած քաղաքականությունը: «Մենք մեր սխալներից դեռ դասեր չենք քաղել: Թուրքական ֆաշիստական ռեժիմը քուրդ ժողովրդի հանդեպ բնաջնջման քաղաքականություն է որդեգրել, իսկ մենք ուզում ենք մեր իրավունքների տերը դառնալ»,-հավելեց նա:

 

  • Կիսվել: