երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան

Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորություն ընդդիմությունն այս պահին չունի, մասնակի իշխանափոխությունը քննարկելի հարց է. Քոչարյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն կարծիքին է, որ հանրային կոնսոլիդացիա պետք է լինի բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար:

 Քոչարյանը նման տեսակետ հայտնեց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում:

Երկրորդ նախագահն այս համատեքստում իշխանափոխությունը իմպերատիվ պահանջ է համարում: «Բայց, երբ ասում ենք իշխանափոխություն, գիտեք, իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի: Օրինակ, եթե խորհրդարանն ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի վրա: Եվ սա այն հարցն է, որը քննարկվելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:
Քոչարյանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք բաց են մասնակի իշխանափոխության քննարկումների համար: «Ես, երբ ասացի մասնակի իշխանափոխություն, այդ տերմինը կիրառեցի՝ փորձելով իրականությունն ավելի պարզ դարձնել: Հիմա բոլորս հասկանում ենք, որ ՔՊ-ական բոլոր պատգամավորների մատերը կտրես, ինձ համար չեն քվեարկի:
 
Բոլորս հասկանում ենք, մանկամտությամբ ոչ ոք չի տառապում այստեղ:
Իշխանափոխությունը կարող է լինել ընտրությունների ճանապարհով կամ խորհրդարանով: Պարզ է, եթե խոսք գնա խորհրդարանով նոր վարչապետի ընտրության մասին, պետք է լինի մի թեկնածու, որն ընկալելի է և իրենց համար, և ընդդիմության համար: Մյուս մոդելը հանրային այնպիսի ճնշումն է, որը պարտադրում է մեծասմանությանն ընդունել հանրության կողմից ցանկալի թեկնածու, այն, ինչ եղավ 2018 թվականին:
 
Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր մարդիկ շրջապատում են խորհրդարանի շենքը և պարտադրում են խորհրդարանական մեծամասնությանը ընտրել իրենց թեկնածուին: Այսօր այդ հնարավորությունն ընդդիմությունը չունի: Մենք տեսանք, որ դեռ չկա: Կարո՞ղ է վաղը լինել, այո, բայց այսօր չկա: Ուրեմն, եթե այսօր խոսում ենք այսպես ավելի թեթև փոփոխության մասին, փոփոխությունը սա է: Բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ ինձ կընտրեն, ոչ էլ արմատական ընդդիմությունից որևէ մեկին, մինչև չլինի հանրային հսկայական ճնշում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

 

Նրա խոսքով՝ պետք է մարդ լինի, որը բոլորին կմիավորի, իր տեսակով հանրային կոնսոլիդացիային պատրաստ և ունակ մեկը պետք է ընտրվի: «Սա նշանակում է, որ, այո, դա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա ոչ թե մեզանից, այլ քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են վիճակի բարդության խորությունը»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը:

  • Կիսվել: