շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը ժամանակով ստուգված դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ են․ ՌԴ ԱԳ նախարար

Հայաստանն ու Ռուսաստանը ժամանակով ստուգված դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ են․ ՌԴ ԱԳ նախարար

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել  Երևանում: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է փոխադարձ շահեր ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

«Ժամանակով ստուգված դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ ենք: Բանակցությունների ընթացքում արձանագրել ենք, որ մեր միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, նախևառաջ՝ բարձր և գերագույն մակարդակներով: Մեր ղեկավարներն արդեն այս տարի անցկացրել են երկու լայնածավալ դեմառդեմ հանդիպում, ութ հեռախոսազրույց, երկու անգամ հանդիպել են կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև կարգավորված են ինտենսիվ փոխգործակցությունները համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջև»,- ընդգծել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ քննարկվել է առևտրատնտեսական հարցերի ամբողջ համալիրը: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը մնում է առաջատար գործընկերն ու ներդրողը Հայաստանում՝ չնայած անցյալ տարվա առևտրաշրջանառության մոտ 10 տոկոսով նվազմանը:

«Մտադիր ենք վերականգնել մեր տնտեսական կապերի աճի միտումը՝ տնտեսական համագործակցության գծով կառավարական հանձնաժողովների հերթական նիստի շրջանակում, որը նախանշված է անցկացնել այս տարի»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

  • Կիսվել: