Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ընդլայնում են տնտեսական և առևտրային կապերը
ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց գործընկերության հիմքում ընկած հիմնարար արժեքները, ներառյալ՝ ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հանձնառությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունն, ինչպես նաև բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի խթանումը:
Երկու երկրները վերահաստատում են ՀՀ ձգտումը՝ ամրապնդելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային և սոցիալական կապերը Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների ավելի լայն համայնքի հետ:
Ընդգծելով Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման կարևորությունը՝ Հայաստանը և Լյուքսեմբուրգը կխթանեն երկկողմ թեմատիկ կանոնավոր խորհրդակցությունների հաստատումը՝ կենտրոնանալով ԵՄ չափանիշներին Հայաստանի մոտարկմանն ուղղված աջակցության, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի («CEPA») և ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի լիարժեք և արդյունավետ իրականացման առաջմղման, ինքնիշխանության և դիմակայունության բարձրացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Հայաստանը և Լյուքսեմբուրգը վերահաստատում են իրենց հանձնառությունն՝ ըստ հնարավորության զարգացնելու և ընդլայնելու տնտեսական և առևտրային հարաբերություններն՝ առաջնահերթություն տալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Ճանաչելով Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող՝ համաշխարհային առևտրային շուկաների սահմանափակ հասանելիությամբ երկրի առջև ծառացած բազմակողմանի մարտահրավերները՝ կողմերը կընդլայնեն համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային առևտրի և տրանսպորտային կապակցվածության խթանման համար՝ այդ թվում միմյանց նախագծերին աջակցելու միջոցով, ինչպիսին է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
«Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ամբողջական տեքստը՝ այստեղ։
Ավելի վաղ կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ:
Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ:


