Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում սահմանազատման գործընթացն առաջ տանելու համար․ Գրիգորյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման գործընթացը տեղում կանգնած չէ, քանի որ երկու երկրների փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը միմյանց հետ կապի մեջ են և բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում առաջ շարժվելու ուղղությամբ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանազատման գործընթացը կանգնած չէ։ Փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խմբերը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում միմյանց հետ կապի մեջ են և շարունակում են աշխատել, որպեսզի առաջ ընթանանք։ Կողմերը բանակցությունների միջոցով ջանքեր են գործադրում ու փորձում են հասնել լուծումների այդ գործընթացը շարունակելու համար»,-մանրամասնել է արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ դեռևս 2024 թվականին սահմանազատվել է սահմանի 12,7 կիլոմետր հատված, և այնտեղ տեղակայված են սահմանապահ զորքեր, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում սահմանի այն հատվածներում, որտեղ տեղակայված են սահմանապահ զորքերը, գրանցվել է միայն մեկ միջադեպ։
«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի սահմանազատումը շարունակենք և ունենանք հավելյալ սահմանազատված հատվածներ, ինչը կայունության կբերի։ Կարծում եմ, որ խաղաղության կառուցման գործընթացի տրամաբանության մեջ մենք առաջընթաց ենք ունեցել։ Իհարկե, բոլոր խնդիրները չենք լուծել և չենք կարող ասել, որ խաղաղության օրակարգն ամբողջությամբ իրագործված է, բայց համոզված եմ, որ մենք այս հարցում ունեցել ենք արդյունքներ»,- ավելացրել է Գրիգորյանը։
Խոսելով սահմանազատման գործընթացի հետագա քայլերի մասին՝ ԱԽ քարտուղարը պարզաբանել է, որ վերջին պայմանավորվածության համաձայն՝ սահմանազատումը շարունակվելու է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանի հատման կետից մի փոքր ներքև ընկած հատվածից։