Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգներից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ այս ձեռքբերումը նշանակալի առաջընթաց է հայ-ամերիկյան ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։
«Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ «Արտաքին ռազմական վաճառք» (Foreign Military Sales) ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ արդեն երեք տարի անընդմեջ անցկացվող «Արծիվ գործընկեր» (Eagle Partner) զորավարժությունները։
Իր հերթին Վենսն ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։
Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձևը այն է, որ աշխարհի ռազմական լավագույն տեխնոլոգիաները տարածվեն ու տեղադրվեն, որը ԱՄՆ–ն ունի։
Մենք հիմա 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար և մեր լավ բարեկամ վարչապետի։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որ պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի, դա նշանակում է ապագա հետագա լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ»:



