Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին և պարտվողականությանը այլընտրանք առաջարկող իշխանություն. Իշխան Սաղաթելյան
Մենք մեկնարկը տալիս ենք Ագարակ համայնքից, ավարտում ենք Երևանում և ամբողջ Հայաստանով մեկ քշենք այս իշխանությանը և գնանք դեպի ուժեղ Հայաստան: Այս մասին այսօր ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը Սյունիքի մարզի Ագարակ համայնքում, որտեղից էլ մեկնարկել է դաշինքի նախընտրական քարոզարշավը:
«Պատահական չէ, որ նախընտրական արշավի առաջին օրը սկսում ենք Սյունիքից և Ագարակ համայնքից: Սյունիքը ողնաշարն է և Հայաստանի դարպասը, Սյունիքը այս ազգադավ իշխանության դեմ պայքարի խորհրդանիշն է, մենք մեր հաղթական արշավը սկսում ենք Սյունիքից և հունիսի 20-ին ավարտելու ենք Երևանում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի երկրի զարգացման ծրագիր, ով կարող է կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, վերականգնել հայ ժողովրդի, հայ մարդու արժանապատվությունը և երկիրը բերել բնականոն զարգացման հուն:
«Մեր երկիրն այսօր անդունդի եզրին է իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանին անհրաժեշտ է ստին, կեղծիքին, պոպուլիզմին, պարտվողականությանն այլընտրանք առաջարկող իշխանություն, իշխանություն, որը պատասխանատվություն կկրի իր ժողովրդի համար, որի միակ խնդիրը կլինի ոչ թե ժողովրդին դուր գալը, այլ ժողովրդի անվտանգության ապահովումը, ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ստեղծելը, պատասխանատվություն ունենալ սեփական ժողովրդի, պետության, ինքնիշխան տարածքների, սահմանների նկատմամբ»,- նշեց նա: