Հայաստանի զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը, որպեսզի մեր նկատմամբ ոտնձգություններ տարածաշրջանում չլինեն․ Արշակյան
Հայաստանի զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կարող է խաղաղության դարաշրջան բացվել մի երկրի հետ, որի բայրաքթարը մի քանի օր առաջ երեք 18 տարեկան տղայի կյանք է խլել:
Արշակյանը պատասխանեց, որ չի ցանկանում որևէ բան արդարացնել.
«Մենք դատապարտել ենք, թե որպես իշխանություն և թե որպես քաղաքացիներ: Ավելին ասեմ՝ մենք դա որակել ենք որպես ցեղասպանական գործողություններ, ոչ միայն բայրաքթարն էր, այնտեղ նաև թուրքական հրամանատարությամբ և միջազգային ահաբեկչական խմբեր են գործել. Ինչի՞ մասին է խոսքը: Դա ո՞վ է կասկածի տակ դնում»,- ասաց Արշակյանը:
Նա հայտնեց, որ խաղաղության դարաշրջան ասելով այլ բան նկատի ունեն:
«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանում մեր շահերից է բխում, որպեսզի մենք խաղաղության դարաշրջան բացենք: ՀՀ զարգացման շահերից է բխում ապաշրջափակումը, և որ ՀՀ քաղաքացիները ֆիզիկական և տնտեսական անվտանգության երաշխիքներ ստանան, որպեսզի մենք կարողանանք խոսել ռացիոնալ լեզվով և մեր նկատմամբ ոտնձգություններ տարածաշրջանում չլինեն»,- հավելեց Հակոբ Արշակյանը:


