Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է երկրի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Ռումինիայի արտաքին գերատեսչությունն իր հայտարարության մեջ նաև ընդգծել է, որ Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում, ինչն, ըստ, Բուխարեստի, հնարավորություն է տվել լայնածավալ քննարկումներ ծավալել Հայաստանի զարգացման ուղու վերաբերյալ։
«Սա առավել արդիական է՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ենթարկվել է տեղեկատվական մանիպուլյացիաների և ազդեցության ինտենսիվ արտաքին արշավների։ Այս երևույթը վերջին տարիներին դարձել է բոլոր ընտրական գործընթացների համար ընդհանուր իրականություն, և ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների հաջող պաշտպանությունը կարևոր է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանային մակարդակում»,-ասված է հայտարարության մեջ։
Ռումինիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Հայաստանում քվեարկության արդյունքը արտացոլում է երիտասարդ, բայց կենսունակ ժողովրդավարության հասունությունը։
«Հայաստանի քաղաքացիները հստակ արտահայտել են իրենց ընտրությունը՝ խաղաղության, կայունության, բարգավաճման և Եվրոպայի հետ մերձեցման ռազմավարական ուղու շարունակության համար։ Ընտրողների գրեթե 59%-ի մասնակցությունը վերահաստատում է հայ հասարակության խորը քաղաքացիական հանձնառությունը, ինչպես նաև բարեփոխումների և տարածաշրջանային ինտեգրման օրակարգի նկատմամբ ժողովրդական աջակցությունը»,-նշված է հայտարարության մեջ։
Ռումինիայի ԱԳ նախարարությունը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրում ինստիտուցիոնալ կայունությունը վերահաստատելու համար։
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի համար և հայտնում ենք մեր լիակատար պատրաստակամությունը Ռումինիայի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ամրապնդման համար։
Այս պատրաստակամությունը բազմիցս հաստատվել է արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի կողմից իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների ժամանակ։
Ռումինիան խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, անվտանգությամբ և կայունությամբ, որպեսզի այս տարածաշրջանի տպավորիչ ներուժը լիովին իրացվի։ Մենք աջակցում ենք այս նպատակին հասնելուն ուղղված բոլոր ջանքերին՝ տարածաշրջանի պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, ինչպես նաև որպես Եվրամիության անդամ պետություն»,-եզրափակել է Ռումինիայի ԱԳ նախարարությունը։



