երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի եւ ԵՄ-ի շփումները երբեւիցե այսքան ինտենսիվ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի եւ ԵՄ-ի շփումները երբեւիցե այսքան ինտենսիվ չեն եղել. Նիկոլ Փաշինյան

Ցանկանում եմ եւս մեկ անգամ ողջունել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին. Գործընկերոջս հետ արդյունավետ եւ կառուցողական զրույցների ժամանակ մտքեր ենք փոխանակել Հայաստանի եւ ԵՄ միջեւ ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաեւ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 17-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսում իր ելույթում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Վերջին 1,5 ամսվա ընթացքում սա իմ երկրորդ հանդիպումն է պարոն Միշելի հետ: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի եւ ԵՄ-ի շփումները երբեւիցե այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա եւ ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց  համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարեւորությունը:

Անդրադարձել ենք նաեւ 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, ի դեմ նոր կորոնավիրուսի եւ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում հատուկ ուզում եմ հայտնել մեր երախտագիտությունը եւ գոհունակությունը պարոն Միշելին թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի, թե դրա հետեւանքների մեղմման, թե Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից տուժած անձանց օժանդակելու նպատակով իր ներդրած անձնական ջանքերի համար, այդ թվում գերիների վերադարձի հարցում ունեցած շահագրգիռ ներդրման համար»:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշելով. «Հայաստանը հետեւողական  եւ կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման  եւ նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար եւ այստեղ չափազանց կարեւոր է ԵՄ-ի աջակցությունը:

Այս համատեքստում ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել ԵՄ կողմից «Արեւելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանում իրականացվելիք ծրագրերի համար շուրջ 2,6 մլրդ եվրո տրամադրելու մտադրության մասին:

Այդ միջոցներով իրականացվելու են 7 ուղենշային ծրագրեր: Նախկինում ծրագրերը 5-ն էին: Այդ ծրագրերի շարքում են Հյուսիս-Հարավի կառուցումը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության եւ առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումը, կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների զարգացումը, ջրային եւ կրթական ենթակառուցվածքների ձեւավորումը: Այդ ծրագրերի իրականացումը հիրավի հիմնարար նշանակություն կարող է ունենալ մեր երկրի ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական աճի ու զարգացման համար;

Չնայած պատերազմին, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների անդառնալի ուղին: Բարեփոխումների այս հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում ԵՄ-ն Հայաստանի կարեւորագույն գքործընկերներից է: Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի եւ ԵՄ անդամ երկրների հետ՝ կիզակետում ունենալով մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումըօրենքի գերակայության հաստատումն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը:

Այս համատեքստում հարկ է հիշատակել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարեւորությունը: Համաձայնագրի վավերացման գործընթացի հաջող ավարտը  եւ վերջինիս ուժի մեջ մտնելը կարեւորագույն իրադարձություն է Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Մենք կարեւորում ենք նաեւ «Արեւելյան գործընկերությունը», որը ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների առանցքային նախաձեռնությունն է եւ մենք լրջորեն ենք նախապատրաստվում դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին՝ հուսյ ունենալով, որ այն կլինի արդյունավետ»:

  • Կիսվել: