հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հայաստանի ամենակարևոր առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը. Արշակյան

Հայաստանի ամենակարևոր առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը. Արշակյան

Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ եւ գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության հենասյուն» թեմայով:

«Մեծարգո՛ նախագահ,

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այս կարեւոր գագաթնաժողովում:

Նախեւառաջ, ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել Չեռնոգորիայի խորհրդարանին ջերմ հյուրընկալության եւ այս միջոցառումը հիանալի կազմակերպելու համար:

Հայաստանի Հանրապետության համար Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովին որպես դիտորդ միանալը կարեւոր քայլ է, որն արտացոլում է մեր հավատարմությունը խաղաղությանը, ժողովրդավարությանը, փոխադարձ հարգանքին, ինքնիշխանությանը եւ միջազգային համագործակցությանը:

Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես հնարավորություն՝ խորացնելու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, նպաստելու տարածաշրջանային կայունությանը եւ ակտիվորեն մասնակցելու մեր ավելի լայն տարածաշրջանի ապագան ձեւավորող քննարկումներին:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանն անցել է զգալի վերափոխումների միջով: 2018 թվականից ի վեր Հայաստանն իրականացրել է խոշոր ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ ուղղված թափանցիկությանը, հաշվետվողականությանը եւ հակակոռուպցիոն քաղաքականությանը:

Այսօր Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար երկրների շարքին ժողովրդավարական զարգացման եւ մամուլի ազատության տեսանկյունից: Միջազգային կազմակերպությունները շարունակում են ճանաչել ժողովրդավարական ինստիտուտների եւ հանրային կառավարման ամրապնդման գործում արձանագրված առաջընթացը:

Միեւնույն ժամանակ, Հայաստանը ցուցաբերել է վստահ տնտեսական աճ: Վերջին տարիներին մեր երկիրը գրանցել է տնտեսական աճի ամենաբարձր տեմպերից մեկն աշխարհում: Այս տնտեսական առաջընթացը թույլ է տվել Հայաստանին խոշոր ներդրումներ կատարել ենթակառուցվածքների, կրթության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում:

Պետական ծրագրերի միջոցով ամբողջ Հայաստանում հարյուրավոր դպրոցներ եւ մանկապարտեզներ նորովի կառուցվում են կամ ամբողջությամբ վերանորոգվում: Հայաստանը նաեւ զգալի ներդրումներ է կատարում գիտության եւ նորարարության ոլորտում՝ ներառյալ արհեստական բանականության գործարանների եւ գերհամակարգչային կենտրոնների ստեղծումը՝ լրացուցիչ հաշվողական հզորություն հաղորդելով համաշխարհային տնտեսությանը: Հայաստանն այժմ դասվում է մեկ շնչին ընկնող հաշվողական հզորությամբ աշխարհի առաջատար տասը երկրների շարքում եւ շարունակում է արագորեն աճել այս ոլորտում:

Միեւնույն ժամանակ, Հայաստանի ամենակարեւոր առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը: 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո տարածաշրջանում տիրում է խաղաղություն: Սա պատմական ձեռքբերում է եւ կարեւոր հնարավորություն տարածաշրջանային երկարաժամկետ կայունության համար:

Մենք նաեւ կարեւորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջեւ շարունակական երկխոսությունը Միջխորհրդարանական միության վեհաժողովների ժամանակ, ինչը մնում է կարեւոր վստահության կառուցման եւ մեր երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովը ստեղծում է կարեւոր տարածք համագործակցության, երկխոսության եւ փոխըմբռնման համար:

Հայաստանը միանում է այս վեհաժողովին պատասխանատվությամբ ու համագործակցելու պատրաստակամությամբ, եւ մենք ակնկալում ենք ակտիվորեն նպաստել խաղաղության, կայունության եւ փոխգործակցության մեր ընդհանուր ջանքերին:

Շնորհակալություն ուշադրության համար »,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը: 

  • Կիսվել: