ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է նորովի կառուցել. նախկին դեսպան

Հայ–ռուսական հարաբերությունները պետք է նորովի կառուցել. նախկին դեսպան

Հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ «Դիվանագիտության նոր ձևեր. արտաքին քաղաքականության մեջ փափուկ ուժի կիրառման ազգային ռազմավարությունները» կլոր սեղանի ժամանակ այս տեսակետը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, Իսրայելում դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Արմեն Սմբատյանը։
 
Դիվանագետն ընդգծեց, որ ինքը բավական հանգիստ է վերաբերվում հայ–ռուսական հարաբերություններում առկա «անհարթություններին»։
«Մեր հարաբերություններում անհարթություններ միշտ եղել են, կան ու կլինեն։ Բայց պետք է լավատես լինել։ Համոզված եմ, որ դրանք կվերացվեն։ Կարծում եմ, որ փափուկ ուժի միջոցով, մշակույթի, արվեստի և մարդկային հարաբերությունների միջոցով մենք շատ բան կկարողանանք անել», – ասաց Սմբատյանը։
 
Նրա կարծիքով` ցանկացած հայի դեպքում գենետիկորեն, ենթագիտակցական մակարդակում անվտանգության, ինքնապաշտպանության զգացումը կապված է Ռուսաստանի հետ, և որևէ քաղաքական ազդեցություն չի կարող դա փոխել։
Ըստ Սմբատյանի` երկկողմանի կապերը բնորոշող կարևոր գործոն է ընդհանուր պատմական հիշողությունն ու մարտական անցյալը։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետը:

  • Կիսվել: