չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

Հայ դատի հանձնախումբն ամեն ինչ անելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար

Մեծ Բրիտանիայի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի աշխատանքների առաջիկա օրակարագում ոչ միայն լինելու է Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առաջ մղումը, այլ այդ հարցը Լորդերի պալատի օրակարգային դարձնելը:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը:
 
«Հայոց ցեղասպանության ճանաչման օրնագիծը Համայնքների պալատում առաջին ընթերցմամբ ընդունվեց առանց որևէ սակարկության ու ընդդիմության: Երկրորդ ընթեցրմամբ քննարկումը սպասվում է 2022 թվականի մարտին: Մենք ամեն ինչ անելու ենք մեր աջակիցների թիվն ավելացնելու և այս հարցը նաև Լորդերի պալատում օրակարգային դարձնելու համար: Մենք հիմա նախնական փուլում ենք, կարևորն՝  ի վերջո պետական քաղաքականության վրա ազդելն է»,-ասաց հանձնախմբի նախագահը:
 
Ըստ Անետ Մոսկոֆյանի՝ Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը շատ կարևոր քայլ է: Առաջին անգամ է, որ Մեծ Բրիտանիայում Հայոց ցեղասպանության հարցն այս մակարդակի է բարձրացվել: Հայ դատի հանձնախմբի նախագահն ընդգծեց հայ համայնքի համախմբված աշխատանքը: Հետևողական աշխատանքի արդյունքում ժամանակի ընթացքում ընդլայնվել է համակիրների շրջանակը, հայ համայնքի ներկայացուցիչները պարբերաբար նամակներով դիմել են իրենց պատգամավորներին՝ հանդես գալով համապատասխան կոչերով:
 
«Մենք այս աշխատանքներում Ցեղասպանությունը միայն պատմական իմաստով չենք դիտարկում: Ընդգծվում է, որ ցեղասպանության չճանաչումն առիթ է տալիս, որ նորից վտանգի մեջ լինի հայ ժողովուրդը, ինչպես որ տեսանք արցախյան վերջին պատերազմի ժամանակ»,-ասաց Անետ Մոսկոֆյանը:
 
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում նոյեմբերի 10-ին առաջին ըներցմամբ ընդունվել  է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։

  • Կիսվել: