Հարգանքով եմ վերաբերվում ռուս ժողովրդին, բայց երբ իմ ազգին նեղացնում են, ես այստեղ եմ, որ ժողովրդիս պաշտպանեմ. ԱԺ նախագահ
2021 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին էին՝ առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միտինգն էր Հանրապետության հրապարակում, երբ մարդիկ տեսան ու հասկացան, որ պետք է կանգնեցնեն այդ մղձավանջը՝ պետականության կորուստը, և գայլերը, գառան դիմակ հագած, փորձում էին մարդկանց խաբել: Այս մասին ԱԺ-ում՝ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ պետականության կորուստ էր լինելու այն, որ Քոչարյանը Հայաստանը տանելու ու միացնելու էր ՌԴ-Բելառուս միությանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունների ժամանակ Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ավելի շատ է, քան նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Սիմոնյանը պատասխանեց, թե ինչու Հայաստանը չպետք է իր շահը հետապնդեր և Ռուսաստանից Հայաստան փող չբերեր:
«Այո՛, Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, լցնենք, ԱՄՆ-ից էլ, Ֆրանսիայից էլ: Բոլոր հնարավորություններն էլ պետք է օգտագործենք, բայց, միևնույն ժամանակ, Կոնյակի գործարանը, «ԱրմենՏել»-ը, գազի տրուբան չպետք է տանենք ու տանք ուրիշին, ասենք՝ քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։
Ձեր խնդիրն այն է, որ մենք Ռուսաստանից փո՞ղ ենք բերել. տո Ռուսաստանից էլ պետք է փող բերենք, ամեն տեղից էլ պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք արել: Այսինքն՝ որ իրենց ասում ենք՝ դուք մեզ գցեցիք, թշնամու հետ թողեցիք մենակ, իրենց դուրը դա չի գալիս:
Որ ասում եմ՝ հիբրիդային պատերազմ, իրենց դուրը դա չի գալիս: Թող միացնեն իրենց հեռուստաալիքները, էն հայկական ազգանուններով մանկուրտները, որ ասում են՝ դե, եթե Հայաստանը իր հարաբերությունները փչացնի Ռուսաստանի հետ, ՌԴ-ն կտխրի, իսկ Հայաստանը գոյություն չի ունենա, էն պատգամավորները, որոնց մուտքը ՀՀ փակ է, որ հոխորտում են, ՀՀ վարչապետի, իմ անուններն են տալիս:
Դուք ի՞նչ գործ ունեք մեր երկրի ղեկավարի հետ: Մեր երկրի ղեկավարը ժողովրդի դուրը չի գա՝ 2026-ին ընտրությունների միջոցով կփոխեն»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին ի պատասխան՝ արդյոք նա կոշտացրե՞լ է իր դիրքորոշումը, ասաց՝ գոյություն ունի ՀՀ շահ:
«Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում, ռուսաց լեզուն, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ ավելի լավ, քան իմ մասին վատ բաներ խոսող ռուս գործընկերները, ես հարգանքով եմ վերաբերվում ռուս ժողովրդին, մեծ ու ուժեղ ազգ է, բայց երբ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես դրա համար եմ այստեղ, որ իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած, թե ինձ չեն սիրի, իմ մասին վատը կասեն կամ գլխիս մի բան կսարքեն:
Ինձ համար մեկ է, որովհետև, եթե ինձ մեկ չլինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը: Ուրեմն ես պետք է գնամ, նրանց դուդուկի տակ պարեմ: Ես էդ բանը չեմ անելու ու նաև էս եմ տանելու, տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ: Սրա մասին եմ գնալու խոսեմ»,- նշեց ԱԺ նախագահը: