ՀԱՊԿ-ը նոյեմբերի 11-ին կարող է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցով
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի անդամակցության հարցը ներառվի նիստի օրակարգում, ապա այդ հարցով կարող է որոշում կայացվել։ Առաջարկը սովորաբար ներկայացնում է նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ պետություններից մեկը՝ պետության ղեկավարի մակարդակով։
Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամավճարները չվճարելու և քվոտային պաշտոնները չզբաղեցնելու դեպքում անդամ պետությունը զրկվում է ձայնի իրավունքից։
Նա նաև նշել է, որ թեև Հայաստանը, ըստ իր գնահատականի, չի մասնակցում ՀԱՊԿ-ի քննարկումներին, այդ երկրի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որտեղ ներկայացված են անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները։
«Հայաստանի ներկայացուցիչը լսում է, հավանաբար, զեկուցում է իր մայրաքաղաքին, թե ինչ ենք քննարկում, ինչ որոշումներ են ընդունվում, ավելին՝ քննարկվող բոլոր հարցերն ու հնարավոր որոշումները», — ասել է Մասադիկովը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։



