Հանուն մեծ փոփոխության մեր երկրում, վերակառուցվող Հայաստանի կատարեցի ընտրությունը․ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում՝ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ նա իր ընտրությունը կատարել է հանուն Հայաստանում մեծ փոփոխությունների։
«Հանուն մեծ փոփոխությունների մեր երկրում և հանուն վերակառուցվող Հայաստանի։ Վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիը վերակառուցելու և ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք, վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը և մեր երկիրը վերածենք լուրջ, ակտիվ պետության, ոչ թե զբաղվենք հակասություններով՝ բարդացնելով միմյանց կյանքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև Հայաստանը դարձնել այնքան հզոր երկիր, որպեսզի գալիք սերունդները կարողանան այն ավելի ուժեղ դարձնել, այլ ոչ թե բախվել նույն խնդիրներին։
«Ուզում եմ նաև դիմել մեր բոլոր հայրենակիցներին։ Բոլորիդ խնդրում եմ։
Սա տևում է ընդամենը 10 րոպե։ Գնացեք ընտրության, գնացեք ընտրության։ Արագ գալիս ենք, վերցնում անձնագիրը, հնարավորինս շուտ գալիս ենք։ Մի հետաձգեք մինչև օրվա վերջ, որ հանկարծ չուշանաք։ Գնացեք ընտրության։ Մեծ փոփոխություններ բերեք»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Նա հավելել է, որ իշխանությունները փորձում են հասնել նրան, որպեսզի ընտրություններին հնարավորինս քիչ մարդ մասնակցի։
«Երբ մեր բոլոր հայրենակիցները, նրանց մեծ մասը, մասնակցեն ընտրություններին, դա կլինի իրական կամարտահայտություն»,- հավելել է Կարապետյանը։


