շաբաթ, հուլիս 4
4 / 7 / 2026
Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան

Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան

Հայաստանի ԿԸՀ-ն գողացել է ընտրողների ձայները, իսկ ՍԴ-ն չի բռնել նրա ձեռքը։ Այս մասին ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։

Իրավաբանի խոսքով՝ ՍԴ-ն պատմական հնարավորություն ուներ առաջին անգամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու, առավել ևս հաշվի առնելով, որ ներկա գործընթացը որակապես տարբերվում էր բոլոր նախորդներից․ ըստ էության, ՍԴ-ից էր կախված ԲՀԿ-ի մանդատներ ստանալու հանգամանքը։ Փաստաբանը հիշեցրել է, որ միջազգային իրավունքը միշտ մեկնաբանվում է հօգուտ ընտրողների, սակայն դա տեղի չունեցավ, և 58 500 ձայն անտեսվեց։ Օրբելյանը համոզված է, որ ՍԴ ներկայացված փաստարկները համոզիչ էին, իսկ այս որոշման պատճառներն այլ տեղում են։ Իրավաբանը զգուշացրել է մյուս ուժերին՝ հայտարարելով, որ այժմ ԿԸՀ-ն ցանկացած հարմար առիթով այսպես է վարվելու։ ԿԸՀ-ն ընդհանրապես մեծ հաճույքով անվավեր կճանաչեր ոչ թե 2, այլ 30 տեղամասերի արդյունքները՝ մանդատներից զրկելով նաև «Հայաստան» դաշինքին, սակայն խնդիրն այն է, որ օրենսդրությունը պահանջում է, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն 3 ուժեր։

«ՍԴ-ն դարձավ հանցակից կամ առնվազն չկանգնեցրեց ձայների գողությունը»,- ընդգծել է Օրբելյանը՝ հիշեցնելով, որ ՍԴ բոլոր դատավորները նշանակվել են մեկ ուժի կողմից։

Ինչպես ընդգծել է իրավաբանը, ԿԸՀ-ն զրկել է ՀՀ քաղաքացիներին իրական պառլամենտարիզմ ունենալու հնարավորությունից, որտեղ իշխող ուժը պարտավոր կլիներ սահմանադրական օրենքների և նշանակումների հարցում կոնսենսուսի գնալ ընդդիմության հետ։

«ԿԸՀ-ն գողացավ ձայները, և արդյունքում գրանցվեց, որ 58 500 քաղաքացիների ձայները, մեքենայությունների և մաթեմատիկական ֆոկուսների հետևանքով, իբր չեն անցել։ ՍԴ-ն, ձեռքը բռնելու հնարավորություն ունենալով, դա չարեց։ Ինչից վախեցան, ինչ ճնշում է եղել՝ ցույց կտա ժամանակը»,- հայտնել է իրավաբանը։ Հետագա գործողությունները կորոշվեն այն բանից հետո, երբ ստանանք որոշումը, եզրափակել է Օրբելյանը։

  • Կիսվել: