Համախմբումը վաղուց է եղել, չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերի համախմբում է լինելու:
Լրագրողը հետաքրքրվել էր՝ սա հետընտրական զարգացո՞ւմ է, և այս գործընթացի շրջանակում ինչպիսի՞ հետևանքներ կարելի է կանխատեսել:
«Համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբումը վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի: Այդ ուժերը նույն ուժն են՝ նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող: Դա ի՞նչ նորություն է: Ակնհայտ փաստ է դա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մեկնարկի մասին՝ առաջարկելով ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվել, որպեսզի վեր հանվեն ընթացիկ խնդիրները:


