շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն և ՔԿ-ն եւս ներկայացուցիչներ կունենան Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում․ նոր նախագիծ

Հակակոռուպցիոն կոմիտեն և ՔԿ-ն եւս ներկայացուցիչներ կունենան Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում․ նոր նախագիծ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչներ ունենալու անհրաժեշտությամբ:

Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  կառավարման խորհուրդը բաղկացած է  յոթ անդամից, որի կազմի մեջ են մտնում արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ իր տեղակալը, երեք դատախազ և երեք դատավոր։

Օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչները  իրականացնում են Ակադեմիայի կառավարումը, սակայն տվյալ խորհրդի կազմում ներառված չեն Հակակոռուպցիոն կոմիտեից և Քննչական կոմիտեից ներկայացուցիչներ։

Հարկ է նշել, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդներ, դատավորներ, դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձինք և դատախազներ, այլ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք և Քննչական կոմիտեի քննիչներ։

Ակադեմիայի կառավարման խորհրդի կազմում Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների ընդգրկվածությունը հնարավորություն կտա անմիջականորեն մասնակցելու խորհրդի գործունեությանը: Նրանք հնարավորություն կունենան նաև մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները՝ նպաստելով ժամանակակից և իրավակիրառ պրակտիկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը։

Միաժամանակ, պետք է նշել նաև, որ ոչ միայն կարևորվում է Ակադեմիայի կառավարման խորհրդում այդ երկու կառույցներից ներկայացուցիչներ ունենալը, այլև՝ էական է համարվում յուրաքանչյուր կառույցից հավասար թվով ներկայացուցիչներ ունենալու հանգամանքը:

Ուստի, Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող և վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձևավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ։ 

Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն հնարավորություն կունենան հավասար պայմաններով մասնակցելու դատավորներ, դատախազներ ու  քննիչներ  պատրաստող և վերապատրաստող մարմնի՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից կառավարման գործընթացի իրականացմանը։

  • Կիսվել: