Հաջորդ քայլը լինելու է ափալ-թափալ դատարան տանելն ու ինձ մանդատից զրկելը. Հովիկ Աղազարյան
Երբ դուք նայում եք այս ամենը, ինչը որ տեսաք և դուք լինեիք պատգամավոր, ո՞նց կքվեարկեիք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչպե՞ս կքվեարկի ՔՊ-ն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցում:
«Ձեր տպավորությունը ո՞նց է, ասենք կարողացա՞ ես պաշտպանվել: Հենց հարցերի էությունն է կարևոր, որ ասում են՝ այն հիմնավոր կասկածը կա՞ արդյոք, որ մենք այս քայլին դիմենք: Հաջորդ քայլը լինելու ափալ-թափալ դատարան տանել ու ինձ մանդատից զրկելը։ Բայց ես չեմ հրաժարվում իմ մանդատից»,-ասաց նա:
Աղազարյանը հայտարարեց, որ ինքն իր խղճի առաջ մաքուր է, սխալ թույլ չի տվել. «Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իհարկե: Ես շատ լավ եմ զգում, շատ հպարտ եմ զգում, որ եղել եմ մի թիմում, որտեղ կան անհատներ, որոնց հետ շփվելը միայն ամեն ինչ արժի: Իհարկե կան նաև անհատներ, որոնց հետ չարժի նույնիսկ նայել աչքերին: Ես բոլոր դեպքերում որևէ փոշմանելու բան չունեմ»: