Գյումրու ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ. Փաշինյան
Եկեք գնանք, նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրություններին նախորդող շրջանների վերնագրերի, տեքստերի, հարցազրույցների մոնիթորինգ անենք: Խոսույթի 70-80 տոկոսը նվիրված է նրան, թե ինչպես են իշխանությունները կեղծելու ընտրությունները: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՏԻՄ ընտրությունների առիթով Գյումրիում ունեցած ելույթում։
Նա, մասնավորապես, ասել է. «2018 թվականից ի վեր որևէ մակարդակի ընտրություններում դուք որևէ մեկից լսե՞լ եք այդպիսի բան: Չկա նման բան, ընդհանրապես գոյություն չունի: Որևէ մեկի մտքով չի անցնում: Հիմա, որ մարդիկ լսեն, համոզված եմ՝ վեր են թռնելու, որովհետև մոռացել են արդեն: Էլ չկա նման բան: Ու լավ է, որ մոռացել են:
Բայց այս ընտրություններում որոշ դեմքեր տեսնելով՝ նրանք պետք է դա հիշեն և հիշողությունը պետք է արտահայտվի քվեարկությամբ: Եվ ժողովուրդը պետք է որոշի՝ ինչքանով է ինքը պատրաստ իր ազատությունը, անկախությունը պաշտպանել»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը, ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, այսօր այցելել էր Գյումրի և Փարաքար։