կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները վերսկսվել են

Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները վերսկսվել են

Այս տարվա մարտից վերսկսվել են Գյումրու Բարեկամության զբոսայգու շինարարական աշխատանքները։ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի մոտ տեղակայված և 7,2 հա տարածք զբաղեցնող այգու շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր դեռ 2021 թ․ հոկտեմբերին։ Հաշվի առնելով վերջին շաբաթների և ձմռան ամիսների անբարենպաստ եղանակային պայմանները, շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։

«Նոր թափով վերսկսել ենք աշխատանքները այգու տարածքում։ Այս փուլում կատարվում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ արտաքին ջրագծի, կոյուղու, ոռոգման համակարգի և էլեկտրական սնուցման մալուխների անցկացման աշխատանքները: Զուգահեռ ընթանում է նաև էլեկտրական ենթակայանի շինարությունը և բոլոր ճեմուղիների կառուցումը:

Սեպտեմբերի կեսին ավարտված կլինեն առաջին փուլով նախատեսված բոլոր աշխատանքները»,-ասում է զբոսայգու կառուցապատման աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը։ Այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։

Այգու որոշ օբյեկտների շինարությունը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։ 2023 թ․ աշնանը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով։

«Բարեկամության այգու ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ մշակվել է մասնակցային դիզայն- կոնցեպտ և այգին պետք է վերակառուցվի տեղի բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ։ Վերակառուցված այգին Հայաստանում կներդնի նոր մոդել կանաչապատ տարածքների ճիշտ գոտիավորման, պահպանման և կայուն զարգացման համար»,-ասում է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։

  • Կիսվել: