ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում անցկացվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

Գյումրիում անցկացվում է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 19-րդ մարզական փառատոնը

Հ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվող ամենամյա մրցաշարի անցկացման վայր կոմիտեի որոշմամբ այս տարի ընտրվել է Գյումրին, չնայած որ քաղաքի մարզադահլիճներն ու մարզասրահները լիովին հարմարեցված չեն և դժվարամատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Եռօրյա փառատոնի ընթացքում 100-ից ավելի մարզիկներ Գյումրիում կմրցեն 7 մարզաձևերում։

Ամենամյա մարզական այս միջոցառումը բոլոր մասնակիցների համար սոցիալ- վերականգողական նշանակություն ունի։ Մասնակիցներին իրենց կատարմամբ ողջունեցին «Զինվորի տան» նորաստեղծ պարային խմբի անդամները:

Պարալիմպիկ խաղերում, ընդհանուր առմամբ, ընդգրկված են 22 ամառային և 5 ձմեռային մարզաձևեր, բայց դրանք միշտ չէ, որ ներառվում են մրցումներում, հիմնական պատճառն այն է, որ ոչ բոլոր մարզական կառույցներն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարզիկների համար։

«Այցելել ենք բոլոր մարզասրահներն ու դժբախտաբար պետք է նշեմ, որ մարզակառույցները հարմարեցված չեն, իսկապես լավ վիճակ չէ, և պետք է փորձենք այս խաղերից հետո օգնել մարզին, որպեսզի այդ բացը լրացվի։ Զարմանալիորեն Գյումրիում դա շատ ընդգծված է»,- նշել է ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Գյումրիի մարզադպրոցներն ու դահլիճները նույն հասանելիության խնդիրն ունեն։ Հանրապետական 19-րդ փառատոնի եռօրյա մրցումներում այդ պատճառով սահմանափակ թվով մարզաձևեր են ընդգրկել, որոնց դեպքում հաշմանդամություն ունեցող մարզիկների տեղաշարժման հնարավորություններն ու պայմանները որոշ չափով ապահովված են։

Արդեն 19-րդ անգամ անցկացվող մարզական փառատոնը հաշմանդամություն ունեցողներին սպորտում ներգրավելու և նրանց հաջողություններն այս ոլորտում խրախուսելու նպատակ ունի։ Սա ամենամյա ստուգատես է, որին մասնակցում են արդեն լուրջ հաջողություններ գրանցած մարզիկները։

«Ես զբաղվում են սայլակավազքով, միջազգային շատ մրցումների եմ մասնակցել, առաջիկայում էլ պատրաստվում եմ մասնակցել Մեքսիկայում կայանալիք մրցումներին։ Սա հնարավորություն է տալիս, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ տանը չնստեն, ինտեգրվեն հասարակության մեջ, սպորտով զբաղվեն, իրենց ուժերը չափեն մյուս մասնակիցների հետ»,- ասում է սայլակավազքի մրցումների մասնակից, արարատցի Սմբատ Կարապետյանը ։

Երեք օր շարունակ Գյումրիի տարբեր մարզադպրոցներում և դահլիճներում փառատոնի մասնակիցները կմրցեն միմյանց հետ ոչ միայն հաղթանակներ գրանցելու համար։ Սա առիթ է նաև միմյանց հնարավորություններն ու կարողությունները գնահատելու, խնդիրները համատեղ քննարկելու, առաջարկություններ ներկայացնելու համար։

Մարզական փառատոնի առաջին օրը մասնակիցները մրցեցին սեղանի թենիս, անվասայլակով բասկետբոլ և լող մարզաձևերում։ Մրցումները կշարունակվեն նաև վաղը, հաշմանդամային սայլակավազք, ծանրամարտ, բոչա, շախմատ մարզաձևերում։ Լավագույններին սպասվում են մրցանակներ։

  • Կիսվել: