Գյումրիի ընտրության արդյունքները չպետք է ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա. Կոնջորյան
Բա եթե յոթ տարվա մեջ ՔՊ-ի նկատմամբ հանրության վերաբերմունքը 180 աստիճանով փոխվել է, ո՞նց եղավ, որ 2021 թվականին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Դիտարկմանը, որ սոցիոլոգիական հարցումներն էլ են ցույց տալիս, որ ՔՊ-ի վարկանիշը մեծ անկում է գրանցել, նա արձագանքեռց. «Ո՞ւմ հաշվարկներով՝ «Գելափ»-ի՞, «Գելափը» 2021 թվին ասում է Ռոբերտ Քոչարյանը առաջին տեղն է զբաղեցնելու»:
Անդրադառնալով նրան, որ Գյումրիում ՔՊ-ին չհաջողվեց քաղաքապետ ունենալ, Կոնջորյանը նախ հիշեցրեց, որ մինչեւ 2021 թվականն էլ ՔՊ-ն որոշ համայնքներում պարտվել է, ապա հավելեց. «Իսկ ո՞վ ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենա: Մենք իհարկե, որպես քաղաքական ուժ մասնակցում ենք ՏԻՄ-երին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ-որ մի տեղում ՏԻՄ-ում կհաղթես, ինչ-որ մի տեղում կպարտվես: Դա չի նշանակում, որ դա պետք է ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ ՏԻՄ-երում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, էդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ, և 2021 թվականին որոշ քաղաքներում մենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել»: