շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»

Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է: Բանն այն է, որ երբ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններն են եղել, նրան ասվել է, որ իր մանդատը ժամանակավոր բնույթ է կրելու, եւ որոշ ժամանակ անց նրան կդարձնեն դեսպան։

Տեւական ժամանակ է՝ Արսենյանի ագրեմանը ուղարկել էին Ռուսաստանի Դաշնություն, սակայն այն չի հաստատվել, եւ գործարար պատգամավորի՝ դեսպան դառնալու պլանները ձախողվել են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա երկրում չէ, տեւական ժամանակ է՝ լքել է Հայաստանը։ Երեկ «Հրապարակ»-ը գրեց, որ Գուրգեն Արսենյանը դուրս է եկել ՔՊ խմբակցությունից:

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պատգամավորի հետ, որն ասաց, որ երկրում չի եւ տարածված լուրերը համարեց դեզինֆորմացիա։ Նա կտրուկ հերքեց ՔՊ խմբակցությունից դուրս գալու տեղեկությունը, բայց «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ Արսենյանը, այնուամենայնիվ, կհեռանա ՔՊ-ից, եւ հեռացումը խորը արմատներ ունի, որին կանդրադառնանք առաջիկայում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: