Գորիս Կապան ճանապարհին իրավիճակը անփոփոխ է` Ադրբեջանը շարունակում է կանգնեցնել իրանական մեքենաները փաստաթղթեր և գումար պահանջել. պաշտոնյա
Գորիս Կապան ճանապարհին իրավիճակը անփոփոխ է` Ադրբեջանը շարունակում է կանգնեցնել իրանական մեքենաները փաստաթղթեր և գումար պահանջել: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
Նրա խոսքով` ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներն այսօրվանից սկսել են ստուգել ոչ միայն իրանական բեռնատարները, այլ նաև՝ ավտոբուսները: "Իրանցի վարորդները այս առնչությամբ լուրջ դժգոհություններ ունեն և հայկական կողմի հետ զրույցներում նշում են, որ ավելի լավ է ընդհանրապես չգան, քան այդքան ժամանակ, նյարդեր և գումար վատնեն",- պարզաբանեց Քոչարյանը` հավելելով, որ ադրբեջանական անիրավչությունների պատճառով ճանապարհին խցանումներ են առաջացել:
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց փոխքաղաքապետը, ադրբեջանցիները դեռ հայկական պետհամարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում:
Գորիսի փոխքաղաքապետը նաև հավելեց, որ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդի զգալի կուտակումներ կան։
Նշենք նաև, որ InfoPort.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանումներ ստանալ ավելի կոմպետենտ մարմիններից` Սյունիքի մարզային ղեկավարությունից, սակայն մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը չպատասխանեց մեր զանգերին, մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ իրենց հրահանգել են ստեղծված իրավիճակի շուրջ որևէ մեկնաբանություններ չտալ: «Մեզ ասեցին, որ դա պետք է անեն միայն ուժային կառույցները»,- պարզաբանեց Ավանեսյանը:
Նկատենք սակայն, որ մինչ այս պահը ուժային կառույցների կողմից որևէ պարզաբանում ընթացիկ իրավիճակի մասին չկա:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության սեպտեմբերի 12-ի հաղորդագրության ադրբեջանցի ոստիկանները սկսել են ստուգել Հայաստան մտնող իրանական բեռնատարները: Ըաստ ԱԱԾ-ի պատկան մարմինները փորձում են շտկել իրավիճակը:
Լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից գումար են գանձում տրանզիտի համար: Ադրբեջանական կողմը չհերքեց այս լուրը` հանդես գալով պարզաբանմամբ առ այն, որ ԱՀ տարածքով անցնող բոլոր տարանցիկ բեռնափոխադրումներից գումար է գանձվում ըստ գործող օրենսդրության:


