Ղարաբաղը հանձնածները չեն կարող չպատժվել. Քոչարյան
Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զոհ, մոտ 12 հազար վիրավոր տվածները չեն կարող չպատժվել: Այս մասին այսօր Հրազդանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունն աղետ է բերել ՀՀ-ի և Արցախի գլխին ու դրա համար պետք է պատասխան տա։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք»,-նշել է նա:
Քոչարյանը նաև հավելել է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիների մեծ մասը Հայաստանում չմնա։
«Անում են ամեն ինչ, զզվացնում են, որ մարդ թողնի ու գնա։ Ինչի՞ համար, որովհետև արցախցին կարող է գնա ու իր դեմ քվեարկի։
Չեմ տեսնում, որ հիմա պետությունն արցախցիների բնակարանային ապահովման հարցը դարձրել է քաղաքականության կարևոր մաս։ Մեղավոր է ձեր արտագաղթի համար, ունեզրկման համար, համարյա ոչինչ չեն անում ձեր հարցերը լուծելու համար»,-նշել է նա:
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ իրենց նպատակն է անպայման այդ հարցը լուծել ոչ միայն սերտիֆիկատների ճանապարհով. կարելի է շինարարություն անել, Համահայկական հիմնադրամը գործի դնել։
«Եթե այդ հարցը լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների կարևոր կետ, 2-3 տարվա հարց է, բայց Սփյուռքի հետ հարաբերություններն այնքան են վատացրել, որ ոչ ոք չի հավատում»,-ասել է Քոչարյանը:


