շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանին. ԳԴՀ տնտեսական համագործակցության դաշնային նախարար

Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանին. ԳԴՀ տնտեսական համագործակցության դաշնային նախարար

Հայաստանն ու Գերմանիան գործակցության նոր մակարդակի հասնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը: Գերմանիան շարունակելու է աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումների ճանապարհին, ընդգծում է Սվենյա Շուլցեն:
 
Սվենյա Շուլցե (Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար) - Այս մարտահրավերներով լի ժամանակներում մենք կարևորում ենք այն երկրների հետ գործակցությունը, որոնք նպատակամղված գնում են բարեփոխումների ճանապարհով, և Հայաստանը այդ երկրների շարքում է , մասնավորապես` ժողովրդավարության, իրավական և ընտրական բարեփոխումների ոլորտներում:
 
Վերականգնվող էներգետիկա, ջրածնային տեխնոլոգիաներ, պարենային անվտանգություն և միջին մասնագիտական համակարգ: Քննարկվել են երկու երկրների հարաբերությունները սերտացնելու հնարավոր նոր ձևաչափեր, նշում է Վահան Քերոբյանը` առանձնացնելով Գերմանիայի օժանդակությունը մեր երկրին զբոսաշրջության ոլորտում:
 
Ջի Այ Զեթ-ի նախաձեռնությամբ բազմաթիվ նախագծեր են իրագործվել, որոնցից է զբոսաշրջության նոր բրենդի մշակումը, վերջերս էլ գերմանական զբոսաշրջային 70 ընկերությունների ներկայացուցիչներ այցելեցին Հայաստան: Տնտեսական արտադրողականության բարձրացման նպատակով Հայաստան կգործուղվեն նաև բարձրակարգ, բայց արդեն թոշակի անցած մասնագետները:
 
Գերմանացի լրագրողի հարցին, ինչ քայլեր է պատրաստվում անել կառավարությունը ժողովրդավարությունը ավելի ամրապնդելու համար, նախարար Քերոբյանը պատասխանում է:
 
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Դրանցից առաջինը պետություն- մասնավոր հատված երկխոսության ամրապնդումն է, ՓՄՁ կշռի մեծացումն է:
 
Առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոքր և միջին ձեռնարկությունների բյուջե վճարած հարկերի մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել: Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ճանապարհային քարտեզ է մշակել:
 
Վահան Քերոբյան - Միջավայրային առումով Հայաստանն առաջատար է տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների շարքում:
 
Շատ կարևոր են Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքը, արդարադատության ոլորտում բարեփոխումները: Սրանք այն երաշխիքներն են, որոնք երկիր ներդրումներ կբերեն, ընդգծում է գերմանացի բարձրաստիճան պաշտոնյան:

  • Կիսվել: