երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին։

Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․ 

«Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024» զեկույցը, որում անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հանցանքներին՝ ռազմական գործողություններին և էթնիկ զտմանը։ 

Իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հստակ արձանագրում է, որ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով կազմալուծվել են տեղական կառավարման մարմինները, ինչի հետևանքով Ադրբեջանում տիրող ավտորիտար վարչակարգը հաստատվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ՝ անխզելիորեն հանգեցնելով Լեռնային Ղարաբաղում ազատության վարկանիշի անկմանը։ Եվ այս արձանագրումը բնավ պատահական չէ։ Լեռնային Ղարաբաղում երեք տասնամյակների ընթացքում գործել և զարգացել են ժողովրդավարական ինստիտուտներ, որոնց շնորհիվ անցած երեք տասնամյակների ընթացքում անցկացված բոլոր ընտրություններն անցել են բազմակարծության և խոսքի ու կամքի ազատության գաղափարի շրջանակներում՝ ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ թատերականացված ընտրություններով իր պաշտոնավարման երրորդ տասնամյակն է սկսել միջնադարյան ժառանգական տոհմական կառավարման պրակտիկան վերականգնել ցանկացող Ալիև ընտանիքը։ 

Զեկույցն արձանագրում է, որ Ադրբեջանում խորանում են ավտորիտար բռնաճնշումները, թեև Լեռնային Ղարաբաղի հայության բռնագաղթը մեծացրել է գործող նախագահի ժողովրդականությունը։ Այնուհանդերձ Ադրբեջանում ազատության ցուցանիշը վերջին 10 տարիների ընթացքում նվազել է 15 աստիճանով, որը համարվում է աշխարհում խոշորագույն նվազումներից մեկը։ 

Զեկույցում նաև հստակորեն մատնանշված է, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա տեղի ունեցավ Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պայքարում էր առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի, կենսագործունեության տարրական միջոցների համար։ 

Իրավապաշտպան կազմակերպությունը նաև արձանագրում է, որ Ադրբեջանը էթնիկ խտրականության քաղաքականություն է վարում էթնիկ հայերի նկատմամբ 1990-ական թթ․։ Թեև հայերի նկատմամբ էթնիկ խտրականության քաղաքականությունը երբևէ չի կասեցվել, այնուհանդերձ այն չափազանց սուր դրսևորումներ է ստացել 1980-ական թթ․ վերջերից՝ ի դեմս 1988 թ․ Սումգայիթի ջարդերի։ Այնուհանդերձ չափազանց կարևոր է նման արձանագրման առկայությունը, որովհետև այս կերպ հստակ երևում է Ադրբեջանի էթնոֆոբ քաղաքականության շարունակականությունը, ինչը հետևանք է միջազգային հանրության անհամարժեք արձագանքների։ 


Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տեսական արձանագրումները։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ տեղի ունեցած հանցավոր գործողությունները կարիք ունենք առավել խորը և գործնական ուսումնասիրման և հասցեական գնահատականների, որոնք թույլ կտան միջազգային հանրությանը կետ առ կետ թիրախավորել ադրբեջանական գործողությունները՝ սկսած պատերազմների բազմակի հրահրումից և հրահրման փորձերից մինչև ազգային-մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացում»։ 

  • Կիսվել: