Գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե իրական Հայաստան ասելով՝ ի՛նչ նկատի ունենք. Փաշինյան
Երբ ասում են, որ անվտանգություն ասելիս՝ առաջին տեղում բանակն է, երկրորդ տեղում բանակն է, երրորդ տեղում բանակն է, նշանակում է՝ չկա անվտանգություն։ Այս մասին այսօր Կիրանցում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Որովհետև դու ինչքան էլ ուժեղ բանակ ունենաս, կգտնվեն ուրիշ երկրներ, որոնք ավելի ուժեղ բանակ ունեն։ Հետևաբար՝ բանակը, որպես անվտանգության կոմպոնենտ, եթե առաջինն է, պետք է դարձնել երկրորդը, եթե երկրորդն է, պետք է դարձնել երրորդը, եթե երրորդն է, պետք է դարձնել չորրորդը, այսինքն՝ ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրն անվտանգ է։
Հիմա մեր անվտանգության առաջին կոմպոնենտը Կիրանցի այս պատն է, որովհետև երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի վտանգավոր էր, քան անվտանգ։
Պարզ օրինակ բերեմ. սահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր քանի՞ տուն է կառուցվում։ Կառավարության 16 միլիոնի ծրագրով 60 տուն է կառուցվել կամ կառուցվում։ Ինչի՞ է մարդը այդ տունը կառուցում, որովհետև ինքը գիտի որ անվտանգ է։ Այն ժամանակ, երբ այս պատը չկար, ինքը չէր կառուցում։ Սա անվտանգության ապահովման մեր կոմպոնենտն է։
Կիրանցի այս դպրոցը, որ կառուցվում էր, այն ժամանակ էլ ասում էին, որ մարդիկ չեն տանելու երեխաներին այդ դպրոց, հլը լուր էին տարածում, որ կառավարությունը խաբում է, սա դպրոց չի, սա իրականում էն գլխից էլ պլանավորած է եղել, սահմանապահ զորքերի համար է։ Մեր ժողովուրդը ասում էր՝ մենք մեր երեխաներին չենք տանելու։ Մենք էլ ասում էինք՝ լավ ժողովուրդ ջան, մենք չենք կարա ձեզ ստիպենք, եթե չեք ուզենա, այս շենքը մենք կտանք սահմանապահին, որտեղ եք ուզում, տեղը ցույց կտաք, այնտեղ դպրոց կկառուցենք։ Հետո 2024 թվականի սեպտեմբերին դպրոցը պատրաստ էր, ես մարզպետին հանձնարարեցի, ասեցի՝ ծնողներին հավաքեք, թող այս ամեն ինչը տեսնեն, ասեն՝ իրենք տանու՞մ են երեխաներին, թե չէ, թող իրենք որոշեն։ Եվ որոշում կայացվեց, որ իրենք կտանեն դպրոց, որովհետեւ մարդիկ տեսնում են և զգում են, որ այս միջավայրը անվտանգ է, որ խաղաղությունը փուչիկ չի, միֆ չի, խաղաղությունը իրական է»:
Վարչապետը նաև հիշեցրել է, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդիկ իրեն հարցնում էին, թե իրենց մոտ երբ է սահմանազատում լինելու այնպես, ինչպես Կիրանցում։
«Մենք անընդհատ ասում ենք՝ իրական Հայաստան, իրական Հայաստան, և գալիս ենք Կիրանց, որպեսզի ցույց տանք, թե իրական Հայաստան ասելով՝ ի՛նչ նկատի ունենք»,-ասել է նա:


