Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան
ԱԱԾ–ի դիմակավորված և զինված անձինք վաղ առավոտից, առավոտյան ժամը 7-ից արգելափակել են Գագիկ Ծառուկյանի տան մուտքը, փաստաբանները մեկ ժամ սպասելուց հետո նոր միայն կարողացել են մուտք գործել և մասնակցել խուզարկության գործընթացին։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, Գագիկ Ծառուկյանի տան դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդի ամմուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այս պահին «Մուլտիգրուպ» կոնցերնի գրեթե բոլոր ձեռնարկություններում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվում այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Մեկ տասնյակից ավել ընկերությունների մասին է խոսքը՝ «Արարատցեմենտ», Երևանի Արարատ կոնյակի օղու գործարան, «Մուլտի վելնես» համալիր, Օլիմպավան, «Մուլտի ստոուն» ընկերություն, «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիր և բազմաթիվ այլ հիմնարկներում։ Այս պահին միգուցե ամբողջ ցանկը չհիշեմ։
Այս լայնածավալ գործողությունները վկայում են ընդհանուր ընդհանուր առմամբ մեկ բանի մասին, որ բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին Սահմանադրական դատարանի որոշմանը, որից անմիջապես հետո, այսօր վաղ առավոտյան սկսել են գործողությունները
Մինչև ամսի 4–ը, երբ որ պարոն Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով ԿԸՀ–ն ստացել էր միջնորդություն, բայց չքննեց այդ հարցը, ըստ երևույթին, կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ–ն կայացնելու, և որ ամսի 4–ից հետո այլևս պարոն Ծառուկյանը որպես պատգամավորության թեկնածու չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ–ով այդ հարցը քննարկել»,–ասաց նա։
Իվետա Տոնոյանը նշեց, որ տեղյակ չեն, թե ինչ վարույթի շրջանակներում են իրականացվում խուզարկությունները. «Մամուլում նշվում է, որ խոսքը փողերի լվացում, հարկերից խուսափում հոդվածների մասին է, բայց Քննչական կոմիտեն հարկ չի համարում առ այս պահը որևէ պաշտոնական պարզաբանում տալ։
Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը, մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, ընտանիքի մյուս անդամները այս պահին տանն են։



