կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ հեղափոխությունից և հորդորում է, որ ոչ մեկ չհիասթափվի

Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ հեղափոխությունից և հորդորում է, որ ոչ մեկ չհիասթափվի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հիասթափված չէ հեղափոխությունից և հորդորում է, որ ոչ մեկ չհիասթափվի: Ավելին, նա հիասթափված չէ նաև այն դեպքում, երբ իրեն առնչություն ունեցող ընկերություններում պարբերաբար ստուգումներ են իրականացվում:

«Հիմա էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից ստուգում են: Ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձեւ կա: էս երկրում մենակ Ծառուկյա՞նն է սեփականատեր: Հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պետք է ստուգեն», - տարակուսեց նա Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ պատգամավորը ընդգծեց, որ ընդհանրապես հիասթափված չի։

«Ոչ մեկն էլ չպետք է հիասթափվի, կյանքը շարունակվում է: Ամեն թերություն մարդն իր մեջ պետք է գտնի, կարողանա աշխատել, ստեղծել, օրինակ ծառայել», -ասաց Ծառուկյանը։

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա խոսել է նաև բամբակի արտադրություն հիմնելու ծրագրերից.

«Իմ գործընկեր թագաժառանգի հետ արդեն պայմանավորվել էինք, որ Հայաստանում կառուցենք սիլիցիումի գործարան: Փողերը փոխանցած է, գործարանը կա, նախագիծը պատրաստ է, միայն պետք է տեղափոխել: Հանքը կա Եղեգնաձորում, գործարանը կառուցում էինք Արարատում, Ցեմենտի գործարանի մոտ: Հողը մեր սեփականությունն էր: Միայն պետք է կատեգորիան փոխվեր, որ արոտավայրը դառնար արտադրական: Մեկ մլրդ ներդրում էր արվում և 1,5 տարում մեր հողի կատեգորիան չփոխեցին: Էդ մարդը հիասթափվել է ու չի ուզում շարունակել: Կամ գործընկերներ էին եկել Իտալիայից, Գերմանիայից, Սիրիայից, Եգիպտոսից եւ ուզում էին Արմավիրում եւ Արարատում բամբակի արտադրություն հիմնել: Ժողովուրդը չէր համաձայնում, ես ասել եմ, որ իրենք պատրաստ են ձեզ սերմ էլ տալ, վառելիք էլ տալ, տրակտոր էլ տալ, որ ձեր հողերում ցանեք, աշնանը կհավաքեն, ձեր գումարը կտան: Մինչև էսօր ոչ պայմանագիր կա: Գնացել են վարելու, գյուղացին ասում է՝ էս իմ հողն է, ես համաձայն չեմ: Այսօր գյուղացին ցանում է վարունգ, պոմիդոր, ցորեն և հեկտարից ստանում է 200-300 հազար դրամ, իսկ մեկ հա բամբակ ցանելուց ստանալու է 2,5 մլն դրամ: Ես ներդրումների համար քայլեր եմ կատարում, սիրում եմ իմ երկիրը, ոչ թե դատարկ-դատարկ խոսում եմ: Հիմա այդ ներդրումը ժամանակավորապես սառեցված է»,-ասել է Ծառուկյանը:

Լրագրողը նկատել է՝ գուցե «Կամազ» չի նվիրել, դրա համար թույլտվություն չի ստացել, Ծառուկյանն ի պատասխան ծիծաղել է: Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն արվում.

«Այս տարվա բյուջեում 400 մլն դոլար դրված էր կապիտալ ծախսեր, որ պետք է դնեին ոլորտներ զարգացնեին, 5-10 տոկոս աճ լիներ, բանկում դրած է տոկոսներով: Դրսից վարկ են բերում, իսկ էստող փողը դրած է բանկում: Կապիտալ ծախսեր չեն արել, տարել դրել են բանկում, էդպես ո՞նց կարա տնտեսական հեղափոխություն լինել»:

  • Կիսվել: