կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Գաղափախոսությունն առաջին հերթին «իզմ» է, եթե չկա «իզմ», ինչի՞ մասին խոսենք, աթոռը պահելո՞ւ․ Մինասյանը՝ իշխանությանը

Գաղափախոսությունն առաջին հերթին «իզմ» է, եթե չկա «իզմ», ինչի՞ մասին խոսենք, աթոռը պահելո՞ւ․ Մինասյանը՝ իշխանությանը

 ՀՅԴ–ն անցել է 134 տարվա պատմական ընթացք ու նաև գործել սխալներ, որոնք բարձրաձայնում է այսօր, իսկ ինչի՞ համար է այսօրվա իշխանությունը կրկնում այդ նույն սխալները, գնում այդ ճանապարհով։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հատարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով ՀՅԴ հասցեին ՔՊ–ական պատգամավորների տարբեր մեղադրանքներին։
 
«Հենց դրա համար էլ ասում ենք` նույն սխալներ մի թույլ տվեք։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարձակվում այս ամբիոնից, օրինակ` ասել, որ գերիները, պատանդները, քաղբանտարկյալները, Արցախի ղեկավարությունը բռնապետ Բաքվի բանտերում են։ Ինչո՞ւ, որովհետև հերթական անգամ առաջ է տարվում կեղծ թեզը, թե չգրգռենք թշնամո՞ւն…Թշնամին գրգռված է, թշնամին ուզում է ոչնչացնել մեզ, իսկ մենք դիմագրավո՞ւմ ենք՝ ոչ. հլուհնազանդ, գլուխներս կախ, մատաղացու գառի կերպարով գնում ենք մոտը։ Դա՞ է քարոզվում իշխանության կողմից»,– հայտարարեց Մինասյանը։
 
Ըստ նրա` իշխանության հետ հնարավոր չէ գաղափարական բանավեճ ծավալել, քանի որ գաղափարախոսություն չունի ու այդ մասին նաև ասել է Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ ՔՊ–ն «իզմեր» չունի։
 
«Գաղափախոսությունն առաջին հերթին «իզմ» է։ Եթե չկա «իզմ», ինչի՞ մասին խոսենք, աթոռը պահելո՞ւ։ Հայի ինքնության պահելու ձեր մոտեցումը ո՞րն է` բաց քամակով ցլի դեմ դուրս գա՞լը։ Իրավիճակով պայմանավորված անընդհատ նոր մեղավորներ ենք փնտրում, հիմա էլ եկել եք Սահմանադրության ու Հռչակագրի նախաբանն եք մեղավոր ճանաչում…Բացի այդ, արցախցիները մեղավոր էին Արցախի կորստի համար, նախկինները մեղավոր էին պարտության համար, ռուսները մեղավոր էին չպաշտպանելու համար, լավ, իսկի դուք մեղավոր չե՞ք։ Ի դեմս ձեզ մենք գործ ունենք պատասխանատավությունից խուսափող ու սեփական մեղքերը ուրիշների վրա բարդող վարչախմբի հետ»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
 
Նրա ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Պարոն Մինասյան, երևի շատ տաքացած ելույթ էր ու ընթացքում որոշ բաներ ասացիք, որոնց մեր հանրությունը արժանի չէ, որ այս ամբիոնից նման բաներ լսի։ Եթե չեք նկատել, ես հետո կասեմ, որ ուշադիր լինեք»։
Արծվիկ Մինասյանը դահլիճից դուրս էր գալիս այն պահին, երբ ամբիոնին մոտեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ «Առանց ծխելու ձեզ հնարավոր չէ լսել»,– հեռանալով կատակեց Մինասյանը։

  • Կիսվել: