երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆրանսիացի լրագրողի վիրահատությունն ավարտվել է. մանրամասները՝ նախարարից

Ֆրանսիացի լրագրողի վիրահատությունն ավարտվել է. մանրամասները՝ նախարարից

Մարտունի քաղաքում այսօր տեղի ունեցած հրետակոծության արդյունքում վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի երկու լրագրողներ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանն ասել է, որ վիրավոր լրագրողներից մեկը վիրահատվել է Մարտունու շրջանային բուժմիավորումում, ապա տեղափոխվել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս վիրավորը վիրահատվել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում:
 
Ըստ նախարարի՝ վիրահատությունն արդեն ավարտվել է: Կատարվում են վերջին դիագնոստիկ հետազոտությունները: Մոտակա մեկ-երկու ժամվա ընթացքում նրան ռեանիմոբիլով կտեղափոխեն ՀՀ:
 
«Նշեմ, որ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, երկրորդ հիվանդի վիճակը՝ միջին ծանրության: Նախնական տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդներից մեկը ստացել է ձախ ազդրի վիրավորում, երկրորդը՝ մի քանի վիրավորում, այդ թվում՝ կոմբինացված տրավմա, ձեռքի, ոտքի և իրանի շրջանում վնասվածքներ»,- հայտնել է Ա. Օհանջանյանը:
 
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, այսօրվա հրետակոծությունից Մարտունիում վիրավորում է ստացել 11 քաղաքացի: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 բնակիչ: Բոլոր վիրավորներին տեղափոխել են Մարտունու շրջանային բուժմիավորում և զինվորական հոսպիտալ:
 
Անդրադառնալով Արցախի առողջապահական համակարգի ներկայիս ընդհանուր վիճակին՝ Ա. Օհանջանյանը նշել է, որ համակարգն ի զորու է ընդունելու մեծ քանակի վիրավորներ. բուժանձնակազմի առումով ևս խնդիրներ չկան: Հիվանդանոցի 10 վիրահատարաններն, ըստ նախարարի, ի վիճակի են միանգամից կատարելու վիրահատություններ:

  • Կիսվել: