կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, փոխնախագահ Մերի Գալստյանը, հանձնաժողովի անդամներ Էլինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը փետրվարի 1-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի հետ:

Ողջունելով հյուրին` Արման Եղոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը` հանձնաժողովի նախագահն այն համարել է առաջնահերթ մեր երկրի եւ իշխող քաղաքական ուժի համար: Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում Արման Եղոյանը բարձրացրել է ԵՄ փորձագիտական ներուժի տրամադրման հարցը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Հանձնաժողովի անդամները խոսել են խորհրդարանի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացմանն ուղղված համատեղ նախագծերի իրականացման անհրաժեշտությունից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է երկկողմ համագործակցության հնարավորությունների մասին: Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Հայաստանում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ նոր գործընկերության օրակարգին ու առաջնահերթություններին:

  • Կիսվել: