երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները. Կլաար

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները. Կլաար

Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունները և հաղորդվող ինտենսիվ գնդակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Եվրամիությունը սերտորեն շփվում է կողմերի հետ, որպեսզի նպաստի իրավիճակի լիցքաթափմանը»,- գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

  • Կիսվել: