Եթե ուզում են ամեն գնով այդ պաշտոնը նվաճել, համարժեք գնահատական իրավական դաշտում կստանան. Արծվիկ Մինասյան
Եթե պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու չկար, էդ դեպքում ի՞նչ նիստ էին հրավիրել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որ քանի որ այսօրվա նիստում ընդդիմությունը փոխնախագահի թեկնածու չի առաջադրել, ապա ըստ կանոնակարգի տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է ամենամեծ գործակից ունեցող խմբակցությանը, տվյալ դեպքում՝ ՔՊ-ին, սակայն ՔՊ-ն չի շտապում թեկնածու առաջադրել:
«Օրակարգում հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն էր: Ի՞նչ նիստ են հրավիրել, հրավիրել են նիստ, որ ասեն՝ թեկնածու չկա՞: Անտրամաբանական բան է: Իրականում հարցն այն է, որ դեռեւս նոյեմբերի 30-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարությամբ հանդես եկան, որտեղ մանրամասն գնահատական են տվել ստեղծված իրավիճակին: Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու (Արթուր Ղազինյանին-խմբ), այդ թեկնածուի շուրջ ընդդիմությունը միասնական է: Ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ պարտադրանք չկա, որ խմբակցությունն անընդհատ պետք է վերաառաջադրի: Հետեւաբար այս թեկնածուն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մեծամասնությունն իր դիրքորոշումը չի փոխել:Այնպես որ պարոն Քոչարյանի հայտարարությունը, թե չկա առաջադրված թեկնածու, ոչ միայն չի համապատասխանում օրենքին, այլ ողջամիտ տրամաբանությանը»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ եթե խանության ցանկությունը ամեն գնով այդ պաշտոնը նվաճելն է եւ փորձում են ոտնահարել օրենքը, ապա համարժեք գնահատական իրավական դաշտում կստանան։


